Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ Անգլիացի ֆուտբոլիստը նշել է, որ թիմը պետք է հզոր մեկնարկի այս ծանր դիմակայությունում։
«Կարծում եմ՝ բարդ է լինելու, և դա մեր մեղքն է, որ զիջում ենք հաշվի մեջ: Սա շատ երկար դիմակայություն է լինելու, և մենք պետք է հզոր մեկնարկենք։ Ցանկացած պարտություն աղետ է, և հաշվի առնելով մեր իրավիճակը՝ սա մեզ համար հավասարազոր է եզրափակչի: Շատ բան է դրված խաղասեղանին, և մենք պետք է լավ խաղանք: Ամեն ինչ կամ ոչինչ. սա է մեր մտածելակերպը, և մենք չենք թաքնվի: Մենք հավատում ենք մեր ուժերին, որովհետև այլ հնարավորություն չունենք: Սա մի խաղ է, որտեղ մենք պետք է պայքարենք ու հաղթենք։
Սա չափազանց կարևոր հանդիպում է՝ հաշվի առնելով Լա Լիգայում մեր իրավիճակը, բացի այդ՝ մենք դուրս ենք մնացել Իսպանիայի Գավաթի խաղարկությունից: Սա կարծես եզրափակիչ լինի: Մենք ցանկանում ենք պայքարել և հաղթել Չեմպիոնների լիգայում: Ուզում ենք խաղալ տիտղոս նվաճելու համար: Սա գերկարևոր հանդիպում է, և մենք մեր ողջ ուժերը կներդնենք հաղթելու համար։
«Ինձ լավ եմ զգում: Հիասթափեցնող է վնասվածք ունենալը. ես բաց թողեցի մրցաշրջանի մեկնարկը ուսիս վնասվածքի պատճառով, և այս վերջին երկու ամիսները բարդ էին: Ամենադժվարը վնասվածքից վերականգնվելն ու հանդիպումներին հոգեբանորեն նախապատրաստվելն է: Որքան շատ րոպեներ ես անցկացնում դաշտում, այնքան ավելի լավ. դա բարձրացնում է վստահությունդ ու օգնում քայլ առ քայլ կատարելագործվել:
Իմ առաջին մրցաշրջանում ես ավելի առաջ քաշված էի խաղում կիսապաշտպանության կենտրոնում՝ եզրերում գործող ֆուտբոլիստների հետ, բայց իմ դիրքը փոխվել է: Երկրորդ տարում ես ավելի շատ ձախ կողմում էի գործում, իսկ Արբելոան ավելի հետ էր խաղում: Ես կարող եմ բարձր մակարդակով հանդես գալ մի քանի դիրքերում, և միգուցե դա և՛ լավ է, և՛ վատ, քանի որ երբեք հստակ, ֆիքսված դիրք չես ունենում: Պետք է հարմարվել։ Երբ ես գոլեր եմ խփում, ուզում եմ ավելին խփել, բայց պետք է բալանս գտնել, որովհետև ես պետք է նաև պաշտպանվեմ»,- անգլիացու խոսքն է մեջբերում «արքայական ակումբի» պաշտոնական կայքը:



























































