Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին, թե իր գլխավորած թիմն արդեն դուրս է մնացել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարից: Նման կարծիքների տեղիք էր տվել Լա Լիգայի 31-րդ տուրում արձանագրված անակնկալ արդյունքը, երբ մադրիդցիները միավորներ կորցրեցին «Ժիրոնայի» դեմ խաղում (1:1):
Իսպանացի մասնագետը վստահեցրել է, որ արքայական ակումբը մինչև վերջ պահպանելու է մարտական տրամադրվածությունը։ Goal հարթակի փոխանցմամբ՝ Արբելոան, մասնավորապես, նշել է.
«Այն, որ մենք պարտվել ենք չեմպիոնական մրցավազքում, ես կընդունեմ միայն այն օրը, երբ դա իսկապես ու վերջնականապես տեղի ունենա։ Մինչ այդ պահը մենք շարունակելու ենք մեր պայքարը: Մեր թիմը պարտավոր է ամեն անգամ դուրս գալ խաղադաշտ և պաշտպանել ակումբի զինանշանի պատիվը՝ ցուցադրելով հնարավոր առավելագույնն ու լավագույն խաղը»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում անցկացրած 31 հանդիպումից հետո «սերուցքայինները» վաստակել են 70 միավոր և այժմ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Առաջատարի դիրքում Կատալոնիայի «Բարսելոնան» է, որը 30 խաղից հետո իր ակտիվում ունի 76 միավոր։ Ի դեպ, այսօր՝ ապրիլի 11-ին կայանալիք հերթական հանդիպումում կատալոնական ակումբն ուժերը կչափի «Էսպանյոլի» հետ:





















































