Ֆրանսիայի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռայան Շերկին բացատրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ լուսանկարում իր ընդունած տարօրինակ կեցվածքը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահն օրերս այցելել էր ազգային ընտրանու մարզաբազա՝ ԱԱ-2026-ին ընդառաջ ֆուտբոլիստներին ողջունելու և հաջողություն մաղթելու նպատակով։ Հենց այդ հանդիպման ժամանակ արված ընդհանուր լուսանկարում Շերկիի կեցվածքը բուռն քննարկումների և կատակների առիթ էր դարձել։
«Դա զուտ հարգանքի դրսևորում է։ Ես կանգնած էի նախարարի (Ֆրանսիայի սպորտի նախարար Մարինա Ֆերարիի — խմբ.) կողքին և չէի ցանկանում նրանից բարձրահասակ երևալ, կամ այնպես անել, որ նա ինձանից պակաս նկատելի լինի լուսանկարում։ Այդ պատճառով մի փոքր կռացա, որպեսզի նա ավելի լավ երևա։
Ոչ մի վատ բան չկա նրանում, որ դա մարդկանց մոտ ծիծաղ է առաջացնում և ուրախություն պարգևում։ Նախարարը գիտեր, որ ես մի փոքր կքանստել եմ, որպեսզի նա ավելի շատ տարածություն ունենա»,- Շերկիի խոսքերն է մեջբերում TF1-ը։



























































