«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը չի միացել թիմակիցներին՝ Լա Լիգայի 30-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղում (2:1) Ռոբերտ Լևանդովսկու հեղինակած հաղթական գնդակը տոնելիս: Լեհ հարձակվողն աչքի էր ընկել հանդիպման 87-րդ րոպեին։
Յամալը որևէ կերպ չի արձագանքել գոլին և պարզապես քայլել է խաղադաշտում։ Դրվագներից մեկում նրան է մոտեցել պաշտպան Պաու Կուբարսին և ինչ-որ բան փոխանցել, մինչ մյուսները նշում էին դարպասի գրավումը։ Դրանից հետո Կուբարսին վերադարձել է թիմակիցների մոտ, իսկ Յամալը շարժվել է հակառակ ուղղությամբ։ Նշենք, որ երիտասարդ հարձակվողն այս խաղում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Ուշագրավ դրվագ է գրանցվել նաև եզրափակիչ սուլիչից հետո. Լամին Յամալն անցել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կողքով։ Գերմանացի մասնագետը փորձել է կանգնեցնել նրան, սակայն ֆուտբոլիստը խուսափել է մարզչի հետ շփումից։


Հավելենք, որ Իսպանիայի առաջնության 30 խաղից հետո «Բարսելոնան» իր ակտիվում ունի 76 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 57 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:


























































