Շտուտգարտի «Շտուտգարտ Արենա» մարզադաշտում կայացած ընկերական խաղում Գերմանիայի ազգային հավաքականը 2-1 հաշվով ծանր հաղթանակ տարավ Գանայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+3-րդ րոպեին, բացեց Կայ Հավերցը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոց հարվածը։ 70-րդ րոպեին հյուրերին հաջողվեց վերականգնել հավասարությունը. աչքի ընկավ Աբդուլ Ֆատավուն։
Սակայն գերմանացիները կարողացան հաղթանակ կորզել հենց խաղավերջում. 88-րդ րոպեին Բունդեսթիմի հաղթական գնդակը խփեց տեղի «Շտուտգարտի» հարձակվող Դենիս Ունդավը՝ կրկնակի ուրախացնելով հարազատ մարզադաշտում հավաքված երկրպագուներին։
Այս խաղով երկու թիմերն էլ ավարտեցին իրենց մարտյան հավաքը։ Գերմանիայի հավաքականն իր հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի մայիսի 31-ին՝ մրցելով Ֆինլանդիայի ընտրանու հետ, իսկ Գանան մայիսի 23-ին ուժերը կչափի Մեքսիկայի հավաքականի հետ։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































