Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) գրանցել է Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի (FSF) բողոքն ընդդեմ Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) և Մարոկկոյի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (FRMF)։
Բողոքարկումն ուղղված է CAF-ի՝ 2026 թվականի մարտի 17-ի որոշման դեմ, որով 2025 թ. Աֆրիկայի ազգերի գավաթի (AFCON) եզրափակչում Սենեգալի հավաքականին գրանցվել էր տեխնիկական պարտություն, իսկ հաղթանակը՝ 3:0 հաշվով, շնորհվել էր Մարոկկոյին։ Նշենք, որ բուն եզրափակիչ խաղում ի սկզբանե հաղթել էր Սենեգալի ընտրանին՝ առավելության հասնելով Մարոկկոյի նկատմամբ 1:0 հաշվով։
2026 թ. մարտի 25-ին գրանցված այս բողոքարկմամբ պահանջվում է բեկանել CAF-ի որոշումը և FSF-ին ճանաչել մրցաշարի հաղթող։ Ֆեդերացիան նաև խնդրում է կասեցնել բողոքարկման ներկայացման վերջնաժամկետը մինչև CAF-ի որոշման ամբողջական հիմնավորման հրապարակումը, քանի որ մարտի 17-ի որոշումը պարունակում էր միայն Վերաքննիչ պալատի եզրափակիչ վճիռը։
Գործի քննության նպատակով կձևավորվի CAS-ի արբիտրաժային հանձնաժողով, ինչից հետո կհաստատվի դատավարության ժամանակացույցը։
Ըստ CAS-ի կանոնակարգի՝ բողոքարկող կողմին տրվում է 20 օր՝ իրավական հիմնավորումներով բողոքը վերջնական ներկայացնելու համար, որից հետո պատասխանող կողմերը ևս 20 օր ունեն իրենց առարկություններն ուղարկելու համար։ Վարույթի ներկայիս փուլում, հաշվի առնելով ժամկետների կասեցման վերաբերյալ FSF-ի խնդրանքը, առայժմ անհնար է հստակ կանխատեսել դատավարական ժամկետները կամ լսումների օրը։
«CAS-ը լիովին պատրաստ է լուծելու նմանատիպ վեճերը՝ ներգրավելով մասնագիտացված և անկախ արբիտրների։ Մենք հասկանում ենք, որ թիմերն ու երկրպագուները ցանկանում են օր առաջ իմանալ վերջնական որոշումը, ուստի կապահովենք արբիտրաժային վարույթի հնարավորինս արագ ընթացքը՝ միևնույն ժամանակ հարգելով արդար դատաքննության՝ կողմերի իրավունքը», — նշել է CAS-ի գործադիր տնօրեն Մատյո Ռիբը։
Լսումների նշանակման դեպքում CAS-ը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։ Ընթացիկ վարույթների մանրամասները գաղտնի են պահվում։




























































