Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է ակումբի սպորտային տնօրեն Սեբաստիան Կելի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:
«Անկեղծ զրույցի ընթացքում Սեբաստիան Կելը, Կարստեն Կրամերը և ես հանգեցինք ընդհանուր եզրակացության, որ ամառը փոփոխությունների համար լավագույն ժամանակն է: Որպեսզի երկու կողմերին էլ նախապատրաստվելու ժամանակ տանք, մենք փոխադարձ համաձայնությամբ որոշեցինք անհապաղ խզել պայմանագիրը Սեբաստիանի հետ: Նրա հետ մենք նաև երկար տարիների պատմություն ունենք: Մենք ոչ միայն միասին խաղացել ենք Դորտմունդի «Բորուսիայում», այլև միասին նվաճել ենք Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը 2002 թվականին։ Սեբաստիանը հսկայական ավանդ ունի մեր ակումբի հաջողություններում, և մենք շատ երախտապարտ ենք նրան իր նվիրվածության համար», — դորտմունդյան ակումբի տնօրեն Լարս Ռիկենի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
2018 թվականից ի վեր Կելը չորս տարի գլխավորել է Դորտմունդի «Բորուսիայի» պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների բաժինը։ Այդ ընթացքում ակումբը 2021 թվականին նվաճել է Գերմանիայի գավաթը: 2022 թվականի ամռանը թիմի նախկին ֆուտբոլիստը ստանձնել է սպորտային տնօրենի պաշտոնը։ Նրա պաշտոնավարման ժամանակահատվածում դորտմունդյան ակումբը մշտապես նվաճել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ուղեգիր և 2024 թվականին հասել մրցաշարի եզրափակիչ։
Նշենք, որ ներկայումս «Բորուսիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:




























































