Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 31-րդ տուրի շրջանակում նախատեսված «Մանչեսթեր Սիթի» — «Քրիսթալ Փելաս» հանդիպումը, որը պետք է կայանար այսօր՝ մարտի 21-ին «Էթիհադ» մարզադաշտում, հետաձգվել է: Նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ:
Խաղի տեղափոխումը պայմանավորված է երկու ակումբների՝ գավաթային մրցաշարերում գրանցած հաջողություններով և խիտ գրաֆիկով։
Հետաձգման հիմնական պատճառն այն է, որ մարտի 22-ին «Մանչեսթեր Սիթին» «Ուեմբլի» մարզադաշտում պետք է անցկացնի Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ մրցելով Լոնդոնի «Արսենալի» հետ։
Պրեմիեր լիգայի ղեկավարությունը նախատեսում էր հանդիպումն անցկացնել ապրիլի 7-ին կամ 8-ին՝ այն պահելով 31-րդ տուրի օրացուցային սահմաններում։ Սակայն այն բանից հետո, երբ «Քրիսթալ Փելասը» երկու խաղերի արդյունքով 2։1 հաշվով հաղթեց Կիպրոսի ԱԷԿ-ին և դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ, լոնդոնյան ակումբի խաղացանկում այլևս ազատ պատուհան չմնաց։
Մեծ է հավանականությունը, որ երկու ակումբների՝ ԱՊԼ-ի 34-րդ տուրի հանդիպումները նույնպես կհետաձգվեն, քանի որ և՛ «Մանչեսթեր Սիթին», և՛ «Քրիսթալ Փելասը» նվաճել են Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր։ Այդ փուլում «արծիվները» կհյուրընկալեն «Ասթոն Վիլային», իսկ «Սիթին» կմրցի «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ:
Թեև պաշտոնական հաստատում դեռ չկա, բրիտանական մամուլը ենթադրում է, որ հետաձգված այս հանդիպումները ամենայն հավանականությամբ կկայանան 36-րդ տուրի շրջանակում։
Այս փոփոխության արդյունքում այսօր Պրեմիեր լիգայում նախատեսված հինգ հանդիպման փոխարեն կկայանա չորսը:




























































