Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Կարգապահական կոմիտեն տուգանել է Իսրայելի ֆուտբոլի ասոցիացիային (IFA)՝ արձանագրված բազմաթիվ խախտումների համար։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Համաշխարհային ֆուտբոլի գլխավոր կառույցը որոշում է կայացրել չհեռացնել Իսրայելի ֆուտբոլի ասոցիացիան անդամակցությունից, սակայն Կարգապահական կոմիտեն կիրառել է խոշոր դրամական պատժամիջոց։ IFA-ն տուգանվել է 150 հազար շվեյցարական ֆրանկով (շուրջ 165 հազար եվրո)՝ խտրականության դեմ պայքարի պարտավորությունների «լուրջ և պարբերական խախտումների» համար։
40 էջից բաղկացած որոշման մեջ մանրամասն ներկայացված են իսրայելական ֆուտբոլում տեղ գտած մի շարք ռասիստական միջադեպեր։ Բացի այդ, ՖԻՖԱ-ն շեշտել է, որ ասոցիացիան «հանդես չի եկել ռասիզմը դատապարտող և ոչ մի հրապարակային հայտարարությամբ, չի նախաձեռնել հակախտրական որևէ արշավ և քայլեր չի ձեռնարկել արաբ կամ պաղեստինցի ֆուտբոլիստների ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ»։




























































