Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը, որում «քաղաքայինները» պարտություն էին կրել խոշոր՝ 0-3 հաշվով։ Հատկանշական է, որ անգլիական թիմը բոլոր 3 գոլերը սեփական դարպասն ընդունել էր հենց առաջին խաղակեսում։
«Երբ վերանայեցի «Ռեալի» դեմ առաջին հանդիպումը, այդպես էլ չտեսա որևէ պատճառ, թե ինչու մենք առաջին խաղակեսում պարտվեցինք 0-3 հաշվով։ Իմ կարծիքով՝ արդյունքը շատ ավելի վատն էր, քան բուն խաղը։ Սպորտը մեզ սովորեցրել է, որ ամեն ինչ հնարավոր է։ Մադրիդում գրանցված արդյունքը շատ վատն էր, բայց մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Մրցակիցը շատ ուժեղ է, սակայն մեր հարկի տակ շատ բան կարող է տեղի ունենալ։ Մենք կփորձենք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի քամբեքն իրականություն դառնա»,- լրագրողների հետ զրույցում նշել է Սիլվան։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ» Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ երեքշաբթի, մարտի 17-ին։ «Էթիհադ» մարզադաշտում հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 00:00-ին։

























































