Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Իսպանիայի և Ամերիկայի գավաթի 2024 թվականի հաղթող Արգենտինայի հավաքականների միջև նախատեսված Ֆինալիսիման չեղարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Անցած տարվա դեկտեմբերին հայտարարվել էր, որ հանդիպումը կկայանա մարտի 27-ին՝ Դոհայի «Լուսաիլ» մարզադաշտում։ Սակայն Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին Կատարի ֆուտբոլի ասոցիացիան (QFA) անորոշ ժամանակով դադարեցրել է մրցաշարերի անցկացումն իր տարածքում։
«ՈւԵՖԱ-ի և Կատարի կազմակերպիչների միջև երկարատև քննարկումներից հետո այսօր հայտարարվեց, որ տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով հանդիպումը չի կարող կայանալ Կատարում մարտի 27-ին, ինչպես նախատեսված էր։
ՈւԵՖԱ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում կազմկոմիտեին և Կատարի իշխանություններին՝ խաղի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքի համար, և վստահություն հայտնում, որ տարածաշրջանում շուտով խաղաղություն կվերահաստատվի»,- ասված է կազմակերպության տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Որպես այլընտրանքային առաջին տարբերակ դիտարկվում էր խաղի անցկացումը Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Երկրորդ տարբերակը ենթադրում էր Ֆինալիսիման անցկացնել երկու խաղով՝ առաջինը մարտի 27-ին Մադրիդում, իսկ երկրորդը՝ Բուենոս Այրեսում (2028 թվականի Եվրոպայի առաջնությունից և Ամերիկայի գավաթից առաջ ընկած միջազգային պատուհանի ընթացքում):
Սակայն վերջնարդյունքում երկու տարբերակներն էլ մերժվել են։
























































