Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան մեկնաբանել է Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականների միջև սպասվող Ֆինալիսիմայի անցկացման վայրի փոփոխության վերաբերյալ լուրերը։
Թեև մամուլում ակտիվորեն շրջանառվում էր դիմակայությունը Դոհայից Մադրիդի «Ռեալի» տնային մարզադաշտ՝ «Սանտիագո Բեռնաբեու» տեղափոխելու հավանականությունը, Տապիան այլ տեսլական ունի։
«Մենք բանակցելու ենք Իսպանիայի հետ։ Նրանք ցանկանում են, որ Ֆինալիսիման հյուրընկալվի իրենց հողում, իսկ ես ուզում եմ, որ այն կայանա Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում», — AFA-ի նախագահի խոսքն է մեջբերում արգենտինական հեղինակավոր TN պարբերականը։
Հիշեցնենք, որ նախնական ծրագրով այս սուպերխաղը պետք է կայանար մարտի 27-ին՝ Կատարի «Լուսաիլ» մարզադաշտում։
























































