Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ուրարտուն» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը:
Հանդիպումից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը կիսվել է տպավորություններով և ամփոփել իր թիմի ելույթը.
«Եթե խաղը մեկ բառով փորձեմ բնութագրել, երևի կասեմ՝ շատ տարօրինակ էր: Բայց և հետաքրքիր էր, ինձ դուր եկավ: Այն առումով, որ բուն ֆուտբոլը քիչ էր. հատկապես առաջին խաղակեսում դա ավելի շատ թելադրում էր մրցակիցը: Նրանք փորձում էին կոտրել խաղի տեմպը՝ թե՛ գնդակով վարվելիս, և թե՛, ինչու չէ, նաև ժամանակ ձգելով: Դա նրանց մարտավարությունն էր, ինչը պարզ երևում էր:
Մենք այդ առումով որոշակի խնդիրներ ունեցանք. անհարմար ու տարօրինակ էր մեզ համար: Սակայն երկրորդ խաղակեսում որոշակի փոփոխություններ կատարեցինք ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի խաղում, և հարմարվեցինք իրավիճակին: Հասանք մեր նպատակին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստներին»,- նշել է Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում:




























































