Մադրիդի «Ռեալի» երկրպագուները պահանջել են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հրաժարականը այն բանից հետո, երբ «սերուցքայինները» Լա լիգայի 26-րդ տուրի տնային խաղում նվազագույն՝ 0-1 հաշվով անակնկալ պարտություն կրեցին «Խետաֆեից»։
Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականի լրագրող Միգել Անխել Տորիբիոն, հանդիպման ավարտից անմիջապես հետո «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի տրիբունաներում հնչել են «Ֆլորենտինո՛, հրաժարակա՛ն» վանկարկումները։
Հատկանշական է, որ սա «Ռեալի» երկրորդ անընդմեջ պարտությունն էր Լա լիգայում և արդեն չորրորդը՝ թիմի նոր գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի գլխավորությամբ անցկացրած վերջին 12 հանդիպումներում։
Այս ձախողումից հետո մադրիդյան ակումբը վաստակած 60 միավորով շարունակում է զբաղեցնել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Չեմպիոնական մրցավազքը վստահորեն գլխավորում է կատալոնական «Բարսելոնան», որն իր ակտիվում ունի 64 միավոր։

























































