Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի ավագ Էմրե Ջանը ծանր վնասվածք է ստացել Մյունխենի «Բավարիայի» դեմ Բունդեսլիգայի հերթական տուրի խաղում (2:3)։
Բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ գերմանացի կիսապաշտպանը ստացել է ձախ ծնկի առաջային խաչաձև կապանի պատռվածք։ Ակնկալվում է, որ ֆուտբոլիստի ապաքինումը կպահանջի տևական ժամանակ, և նա երկար ամիսներով դուրս կմնա շարքից:
Դորտմունդյան ակումբի մարզական տնօրեն Սեբաստիան Կելն անդրադարձել է թիմի ավագի կորստին. «Էմրեի վնասվածքը ծանր հարված է ոչ միայն իր, այլև ողջ ակումբի համար։ Նա մեր ավագն է, ով մշտապես նվիրվում է թիմին և հանդիսանում է մեր կարևորագույն մասնիկներից մեկը։ Առաջիկա ամիսներին Էմրեն կստանա մեր լիակատար աջակցությունը՝ լիարժեք ապաքինվելու համար»։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ջանը դորտմունդցիների կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։




























































