«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները, որոնց համաձայն՝ մերսիսայդյան ակումբը կմրցի «Գալաթասարայի» հետ։
«Հաշվի առնելով վիճակահանության հնարավոր տարբերակները՝ մենք ստացանք հենց այն, ինչ սպասում էինք՝ բարդ մրցակից, որի հետ արդեն հանդիպել ենք ընթացիկ մրցաշրջանում։
Բայց գլխավորապես ոգևորված ենք, քանի որ հենց դրա համար ենք մենք այսքան քրտնաջան աշխատել։ Ցանկանում էինք լինել այստեղ և այժմ ուզում ենք առավելագույնը քաղել այս փորձառությունից։
Մինչև Չեմպիոնների լիգայի վերսկսվելը մենք, իհարկե, կարևոր հանդիպումներ ունենք այլ մրցաշարերում։ Հուսով եմ՝ երբ հերթը հասնի այս դիմակայությանը, մենք հնարավորինս պատրաստ կլինենք»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 10-11-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 17-18-ին։ Մրցաշարի եզրափակիչը կընդունի Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտը՝ 2026 թվականի մայիսի 30-ին։
























































