Իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոնն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Իսպանիայի Լա Լիգա՝ համալրելով Մադրիդի «Ատլետիկոյի» կազմը:
Ըստ հայտնի մարզական ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների՝ մադրիդյան ակումբն արդեն իսկ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը 26-ամյա բրազիլացու հետ։ Աղբյուրի տեղեկություններով՝ պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2031 թվականը, իսկ աշխատավարձը կկազմի տարեկան շուրջ 4 միլիոն եվրո (առանց հավելյալ բոնուսների)։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։
Չնայած ֆուտբոլիստի հետ ձեռք բերված համաձայնությանը՝ տրանսֆերի վերջնական կայացման համար «Ատլետիկոն» դեռ պետք է բանակցի և ընդհանուր հայտարարի գա Բերգամոն ներկայացնող ակումբի հետ: Նշենք, որ Էդերսոնի գործող պայմանագրի ժամկետը «Ատալանտայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը:




























































