«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Ա Սերիայի 26-րդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ արտագնա հաղթանակը (2:0):
«Կենտրոնացվածությունը վճռորոշ գործոն է դառնում, երբ ցանկանում ես գալ այստեղ ու հաղթել մի ուժեղ թիմի, որին մարզում է մրցաշրջանի ընթացքը բեկած մասնագետը։ Գիտեմ, որ մարդիկ նայում են միայն արդյունքներին, բայց եթե դիտարկենք խաղաոճն ու մակարդակը Սպալետիի գալուց հետո, ապա դա անհավանական փոփոխություն է։
Մենք փորձում էինք խաղալ այնպես, որպեսզի բարդացնենք նրանց խնդիրը։ Տղաները հիանալի հանդիպում անցկացրեցին և արեցին մի բան, ինչը չէին արել նախորդ խաղերում՝ խփեցին երկրորդ գոլը։ Տաղանդավոր ու վարպետ մրցակցի դեմ խաղում, եթե չես խփում երկրորդը, նրանք վաղ թե ուշ հետ կբերեն կորցրածը։
Ինձ շատ դուր եկավ, որ մեր դարպասապահն ամբողջ հանդիպման ընթացքում ընդամենը մեկ սեյվ կատարեց, ինչը նշանակում է, որ մենք լիովին վերահսկում էինք խաղը։
Նման խաղաոճի դեպքում լինում են պահեր, երբ ֆուտբոլիստները պետք է նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն, հակառակ դեպքում սկսում են կորցնել գնդակն ու ինքնավստահությունը։ Մեզ պետք են խաղացողներ, որոնք ցանկանում են գնդակով լինել և ունեն բնավորություն՝ նման ճնշմանը դիմանալու համար։ Մենք կարող ենք նաև այլ կերպ խաղալ. ունենք ֆուտբոլիստներ, ովքեր ավելի լավ են գործում հակագրոհելիս, և նրանց, ովքեր նախընտրում են վերահսկել գնդակը։ Անգամ մեկ խաղի շրջանակում տակտիկական ճշգրտումը կարող է ամեն ինչ փոխել և մեկ հանդիպումը վերածել 100 տարբեր խաղերի։
Որպես իսպանացի կարող եմ ասել՝ «Յուվենտուսն» Իտալիայի «Ռեալ Մադրիդն» է, ուստի ես շատ հպարտ եմ, որ մենք կարող ենք այստեղ խաղալ այնպես, ինչպես արեցինք այսօր»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով DAZN-ին։
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Կոմոն» վաստակած 45 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

























































