«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույս ունի կանխել թիմում նկատվող անկումը։ «Կապտանռնագույնները» ձախողել են վերջին երկու հանդիպումները՝ նախ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում 0-4 հաշվով ծանր պարտություն կրելով Մադրիդի «Ատլետիկոյից», ապա Լա լիգայի շրջանակում 1-2 հաշվով զիջելով «Ժիրոնային» կատալոնական դերբիում։
Ինչպես հայտնում է մարզական լրագրող Կառլոս Մոնֆորը, Ֆլիկը մարզչական շտաբի և ֆուտբոլիստների մասնակցությամբ երկարատև ու ընդլայնված ժողով է անցկացրել՝ ստեղծված իրավիճակը հանգամանորեն քննարկելու նպատակով։
Գերմանացի մասնագետը խաղացողներին հստակ հասկացրել է, որ մրցաշրջանի այս վճռորոշ հատվածում թիմն իրավունք չունի թուլացնելու տեմպերը։ Նա շեշտել է, որ ակնկալում է թիմի ճիշտ և արժանի արձագանքն արդեն իսկ հաջորդ հանդիպման ժամանակ։
Բացի այդ, ժողովի ընթացքում հատուկ խոսվել է այն տակտիկական սկզբունքներին անշեղորեն հետևելու կարևորության մասին, որոնք նախորդ մրցաշրջանում հաջողություն էին բերել «Բարսելոնային»։
Կատալոնական ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի կիրակի՝ փետրվարի 22-ին, տանը՝ «Լևանտեի» դեմ։























































