UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, այժմ մարզչական գործունեությամբ զբաղվող Խաբիբ Նուրմագոմեդովը մանրամասներ է հայտնել իր թիմակիցների՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի առաջիկա մենամարտերի վերաբերյալ։
Anatomy of a Fighter յութուբյան ալիքին տված հարցազրույցում Նուրմագոմեդովը նշել է, որ աշխատանքներ են տարվում Մախաչևի հաջորդ մենամարտի կազմակերպման ուղղությամբ, և հստակեցրել է վերադարձի մոտավոր ժամկետները․
«Իսլամը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հունիս-հուլիսին՝ Ռամադանից հետո։ Մենք ներկայումս աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Ուսմանին, ապա PFL-ը նրան առաջարկում է 2026 թվականի ընթացքում երեք մենամարտ անցկացնել»։
Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևը վերջին անգամ մրցասպարեզ է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC 322 մրցաշարի շրջանակում մրցավարների միաձայն որոշումով առավելության հասնելով Ջեք Դելա Մադալենայի նկատմամբ։
Ուսման Նուրմագոմեդովն իր հերթին վերջերս՝ փետրվարի 7-ին կայացած PFL Dubai մրցաշարում, խեղդող հնարքով հաղթանակ է տարել Ալֆի Դևիսի նկատմամբ։




























































