«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին և ֆրանսիական ակումբի ղեկավարությունը փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Որոշումը կայացվել է Ֆրանսիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրի՝ «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղում կրած խոշոր՝ 0:5 հաշվով պարտությունից անմիջապես հետո։
«Սա հեշտ որոշում չէր։ Այն կայացվել է կոլեկտիվ և մանրակրկիտ քննարկումներից հետո՝ ելնելով ակումբի շահերից, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել մրցաշրջանի վճռորոշ հատվածում ծագած դժվարությունները»,- ասվում է «Մարսելի» տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռոբերտո Դե Ձերբին «Մարսելը» գլխավորել էր 2024/25 մրցաշրջանի սկզբում և թիմին հասցրել Ֆրանսիայի փոխչեմպիոնի կոչմանը։ Սակայն ընթացիկ մրցաշրջանը պրովանսցիների համար անկայուն է ստացվում. Լիգա 1-ի 21 տուրից հետո թիմը 39 միավորով 4-րդն է՝ առաջատարից հետ մնալով 12 միավորով։
Բացի այդ, իտալացի մասնագետի գլխավորությամբ անհաջող է ստացվել եվրոպական արշավը. Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում «Մարսելը» զբաղեցրել է միայն 25-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով փլեյ-օֆֆ պայքարից։




























































