«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է մարզումները ակումբի կազմում։ Այս մասին հայտնել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տեղեկությունը հաստատել է նաև ինքը՝ ֆուտբոլիստը, սոցիալական ցանցերում հրապարակելով լուսանկար մարզումային ընթացքից՝ կցելով դեղին և կապույտ սրտի տեսքով էմոջիներ։
Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ բաց էր թողել Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպումը։ Առաջնության 20-րդ տուրում «Ալ-Նասրը» առանց իր առաջատարի նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ է տարել «Ալ-Ռիյադի» նկատմամբ։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ռոնալդուի բացակայությունը պայմանավորված էր բոյկոտով։ Նշվում է, որ ֆուտբոլիստը դժգոհ է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի վարած տրանսֆերային քաղաքականությունից, որը տնօրինում է «Ալ-Նասր», «Ալ-Իթիհադ», «Ալ-Հիլալ» և «Ալ-Ահլի» ակումբները։
Ռոնալդուի կարծիքով՝ հիմնադրամը խոչընդոտում է ազնիվ մրցակցությանը, քանի որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆինանսավորել է մյուս երեք ակումբների նոր ձեռքբերումները, մինչդեռ «Ալ-Նասրը» փաստացի մնացել է առանց համալրման։



























































