«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նախատեսում է բոյկոտել ակումբի արդեն երկրորդ անընդմեջ հանդիպումը։ Պատճառը Սաուդյան Արաբիայի Պետական ներդրումային հիմնադրամի (PIF) կողմից ակումբի կառավարման փոփոխությունների վերաբերյալ հստակ երաշխիքների բացակայությունն է։ Ըստ ESPN-ի տեղեկությունների՝ եթե առաջիկա շաբաթների ընթացքում իրավիճակը չհստակեցվի, պորտուգալացին հունիսին կպահանջի իրեն տրանսֆերի հանել։
Ուրբաթ օրը «Ալ-Նասրը» ուժերը չափելու է «Ալ-Իթիհադի» հետ։ Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա առաջատարն արդեն բաց էր թողել Սաուդյան Արաբիայի առաջնության նախորդ տուրի՝ «Ալ-Ռիյադի» դեմ հաղթական խաղը (1:0), ինչպես նաև չէր մասնակցել դրան հաջորդած մարզումներին։
Ռոնալդուն դժգոհություն է հայտնել PIF-ի վարած քաղաքականությունից՝ հատկապես համեմատականներ անցկացնելով գլխավոր մրցակցի՝ «Ալ-Հիլալի» հետ։ Նա կարծում է, որ հիմնադրամի միջամտությունը խոչընդոտում է «Ալ-Նասրին» չեմպիոնության համար պայքարում։
Հաղորդվում է, որ ամռանը ֆուտբոլիստը կարող է դիտարկել կարիերան MLS-ում կամ եվրոպական որևէ լիգայում շարունակելու տարբերակը։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում նաև, որ Ռոնալդուն դեմ է արտահայտվել Կարիմ Բենզեմայի՝ «Ալ-Հիլալ» տեղափոխությանը՝ համարելով, որ դա վնասում է առաջնության մրցակցային հավասարակշռությանը։



























































