«Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում 2-1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»՝ Կիլիան Մբապեի կողմից հիմնական ժամանակին ավելացված 10-րդ րոպեին դիպուկ իրացված 11 մետրանոցի շնորհիվ։
Ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «սերուցքայինների» կազմում արդեն 12 անգամ անվրեպ է հարվածել 11-մետրանոց նշակետից։ Opta-ի տվյալներով՝ սա Լա Լիգայի ներկայացուցիչների շրջանում գրանցված ռեկորդային ցուցանիշ է Կրիշտիանու Ռոնալդուի ժամանակներից ի վեր. պորտուգալացին 2014/15 մրցաշրջանում, հանդես գալով նույն «Ռեալում», 13 անգամ աչքի էր ընկել 11-մետրանոցից։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանի 30 հանդիպումներում 27-ամյա Մբապեն դարձել է 37 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ռեալը» վաստակած 54 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով առաջատար «Բարսելոնային» (55 միավոր):
























































