«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը ճանաչվել է ամենախոշոր հարկատուն Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների շրջանում։ Ըստ Sunday Times-ի՝ վերջին 12 ամիսների ընթացքում նորվեգացի ռմբարկուն վճարել է գրեթե 17 միլիոն ֆունտ ստերլինգ (շուրջ 23,2 մլն դոլար) հարկ:
Հաղորդվում է, որ Հալանդի հիմնական աշխատավարձը կազմում է շաբաթական 500 հազար ֆունտ։ Բացի այդ, ևս 10 միլիոն ֆունտ ֆուտբոլիստը վաստակել է իմիջային իրավունքների և բոնուսային վճարների տեսքով։ Նշվում է, որ 25-ամյա հարձակվողը նախորդ տարվա հունվարին «Սիթիի» հետ կնքել է նոր երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2034 թվականը։
Հարկային վճարումների ցուցակի երկրորդ հորիզոնականում «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահն է (14,5 մլն ֆունտ), իսկ եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն (10,9 մլն ֆունտ): Ի դեպ, վերջինս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մանկունիական ակումբից։
Ցուցակում տեղ են գտել նաև հետևյալ ֆուտբոլիստները.
- Ռահիմ Ստերլինգ — 9,8 մլն ֆունտ (ֆուտբոլիստը վերջերս խզել է պայմանագիրը «Չելսիի» հետ),
- Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ») — 9,7 մլն ֆունտ,
- Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ») և Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի») — 9-ական միլիոն ֆունտ։
Հատկանշական է, որ Հալանդն ու Սալահն ընդգրկվել են նաև Sunday Times-ի՝ Մեծ Բրիտանիայի 100 խոշորագույն հարկատուների ընդհանուր վարկանիշում՝ զբաղեցնելով համապատասխանաբար 72-րդ և 81-րդ հորիզոնականները։




























































