«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան սուր քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալին»՝ մեկնաբանելով դատարանի վերջին որոշումը։ Դատարանը մերժել էր «Արքայական ակումբի» հայցը, որով վերջինս պահանջում էր հասանելիություն ստանալ կատալոնական ակումբի ֆինանսական փաստաթղթերին։ Հիշեցնենք, որ այդ հարցումը կապված էր «Նեգրեյրայի գործի» հետ, որի շրջանակում «Բարսելոնան» մեղադրվում է կաշառակերության մեջ՝ Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կատարած վճարումների պատճառով:
«Աննորմալ և ակումբին ոչ վայել պահվածք է դատական ընթացակարգերն օգտագործելը մրցակից ակումբի մասին տեղեկատվություն կորզելու նպատակով։ Դա անտեղի էր, և դատավորը հենց այդպես էլ ընկալեց։ Մենք գիտենք, բոլորը գիտեն, որ այս ամենը կազմակերպված է «Բարսայում» իրավիճակը ապակայունացնելու և մեր հեղինակությունը վնասելու համար։ Մեզ մեղավոր են հռչակում դեռևս դատավճռի կայացումից առաջ, բայց նրանք կտեսնեն, որ մենք բացարձակապես ոչ մի ապօրինի բան չենք արել։ Հավատում եմ, որ այս գործը մոտ ապագայում կփակվի։
«Ռեալը» անթույլատրելի քայլերի է դիմում՝ փորձելով ստանալ «Բարսայի» կոնֆիդենցիալ տեղեկատվությունը, ուստի նրանց հարցումն անօրինական էր։ Ավելին ասեմ, այս դեպքում նրանք փորձում են ամրապնդել այն փաստարկները, որոնք, իրենց իսկ իմացությամբ, կեղծ են և սպասարկում են իրենց ակումբային հեռուստատեսության տարածած ստերը։ Չի լինելու ոչ մի ապացույց այն ամենի մասին, ինչ նրանք փորձում են ներկայացնել։ «Բարսան» արդեն ցույց է տվել, որ երբեք չի փորձել մանիպուլյացիայի ենթարկել մրցաշարը՝ մրցավարների բարեհաճությանը արժանանալու համար։ Ես ուրախ եմ, որ դատավորը փակեց դուռը «Ռեալի» քթի տակ։
Նրանք փորձում են ձգձգել գործի քննությունը, թեև գիտեն, որ ոչինչ տեղի չի ունեցել։ Մեզնից լավը լինելու համար պետք է աշխատել, պայքարել և ամեն ինչ ճիշտ անել, ինչը նրանց մոտ ոչ միշտ է ստացվում», — Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։


























































