Իսպանական դատարանը մերժել է Մադրիդի «Ռեալի» միջնորդությունը, որով ակումբը պահանջում էր հասանելիություն ստանալ «Բարսելոնայի» ֆինանսական փաստաթղթերին՝ աղմկահարույց «Նեգրեյրայի գործի» հետաքննության շրջանակում։ Այս մասին հայտնում է Marca պարբերականը։
Դատավոր Ալեխանդրա Խիլ Լիման անհիմն է որակել «արքայական ակումբի» պահանջը։ «Ռեալը» ցանկանում էր մանրամասն ուսումնասիրել 2003-ից 2021 թվականներին «Բարսելոնայում» արտաքին խորհրդատուների կողմից իրականացված բոլոր աուդիտները, համալիր ստուգումներն (due diligence) ու տնտեսական կառավարման վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները։
Որոշումը կայացվել է հօգուտ կատալոնական ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի։ Վերջինս իր փաստաբանի միջոցով հրաժարվել է տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր՝ պնդելով, որ մադրիդյան կողմը փորձում է ստանալ մասնավոր բնույթի փաստաթղթեր և հասանելիություն ձեռք բերել ակումբի կոնֆիդենցիալ տեղեկատվությանը, ինչը դուրս է բուն գործի շրջանակներից։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնային» և նրա ղեկավարությանը մեղադրանք էր առաջադրվել կաշառակերության հոդվածով։ Գործը վերաբերում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կատարված կասկածելի վճարումներին։
























































