«Այնտրախտը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Ալբերտ Ռիերան։
Ակումբի տարածած հաղորդագրության համաձայն՝ 43-ամյա իսպանացին իր պարտականությունների կատարմանը կանցնի երկուշաբթի օրվանից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Մինչ այս նշանակումը Ալբերտ Ռիերան հաջողությամբ ղեկավարում էր սլովենական «Ցելե» ակումբը։ Գլխավոր մարզչի դերում իր առաջին իսկ տարում նա թիմի հետ նվաճեց Սլովենիայի գավաթը։ Ընթացիկ մրցաշրջանում ակումբը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողին գերազանցելով 12 միավորով։ Բացի այդ, Ռիերայի գլխավորությամբ «Ցելեն» դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ։
«Այնտրախտի» պաշտոնական կայքը հիշեցնում է նաև, որ Ռիերան իր մարզչական կարիերայի մեկնարկին՝ 2023 թվականին, «Օլիմպիա Լյուբլյանայի» հետ ձևակերպել է «ոսկե դուբլ»՝ հաղթելով և՛ երկրի առաջնությունը, և՛ գավաթը։ Նա նաև միջազգային փորձ է կուտակել՝ 2023/24 մրցաշրջանում աշխատելով ֆրանսիական «Բորդոյում»։
Նշենք, որ «Այնտրախտը» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ընթանում է 8-րդ հորիզոնականում՝ 19 խաղից հետո վաստակած 27 միավորով։ Չեմպիոնների լիգայում գերմանական ակումբին չի հաջողվել հաղթահարել ընդհանուր փուլը՝ 36 թիմերի պայքարում զբաղեցնելով 33-րդ տեղը։




























































