Իսպանական Futboljobs աշխատանքի որոնման կայքում ուշագրավ հայտարարություն է հայտնվել։ Սաուդյան Արաբիայի Պրո լիգան պաշտոնապես փնտրում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի՝ հենակետային կիսապաշտպանի դիրքի համար։
Հաջողակ թեկնածուն հնարավորություն կստանա պայմանագիր կնքել և մրցել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղերի դեմ, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Սադիո Մանեն, Ռիյադ Մահրեզը և Կարիմ Բենզեման։
Թեև կոնկրետ ակումբի անունը նշված չէ, հայտարարության մեջ նշվում է աշխատավարձի չափը՝ տարեկան 522 հազարից մինչև 875 հազար ֆունտ ստեռլինգ (կախված փորձից)։
Ըստ հրապարակված պահանջների՝ թեկնածուները պետք է լինեն ազատ գործակալի կարգավիճակում և ունենան նմանատիպ կամ ավելի բարձրակարգ առաջնություններում ելույթ ունենալու փորձ։ Բացի այդ, ֆուտբոլիստներից պահանջվում է ներկայացնել Transfermarkt-ի էջի հղումն ու խաղային դրվագներով թարմ տեսանյութ, ինչպես նաև աշխատել այնպիսի գործակալի հետ, որը տնօրինում է խաղացողի տրանսֆերային իրավունքների ամբողջական փաթեթը։



























































