«Բարսելոնան» Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին դիտարկում է որպես 2026 թվականի ամռան գլխավոր տրանսֆերային թիրախ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը մտադիր է անել հնարավոր ամեն ինչ՝ արգենտինացի հարձակվողին 2026 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու համար։ Սակայն գործարքի իրականացումը հնարավոր կլինի միայն Իսպանիայի Լա լիգայի ֆինանսական «ֆեյր փլեյի» կանոնները խստորեն պահպանելու դեպքում։
«Բարսելոնայում» Ալվարեսի խաղաոճի մեջ նմանություններ են տեսնում թիմի նախկին աստղ, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ։ «Կապտանռնագույնները» պատրաստ են արգենտինացու տրանսֆերի համար վճարել նույնքան գումար, որքան ժամանակին վճարել էին Սուարեսի համար՝ 82 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։



























































