Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին խայտառակություն է որակել մրցակից թիմի՝ Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի պահվածքը Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչ խաղում։
Եզրափակիչ հանդիպումը, որտեղ Սենեգալը լրացուցիչ ժամանակում հաղթեց 1:0 հաշվով, ստվերվել է աննախադեպ միջադեպով։ Հանդիպման հիմնական ժամանակի ավելացված 8-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց է նշանակել Սենեգալի դարպասին։ Ի նշան բողոքի՝ Սենեգալի գլխավոր մարզիչը կարգադրել է թիմին լքել խաղադաշտը, և ֆուտբոլիստների մեծ մասը ենթարկվել է հրահանգին։ Սակայն թիմի ավագ Սադիո Մանեի հորդորներից հետո նրանք վերադարձել են խաղադաշտ։ Խաղի վերսկսումից հետո՝ ավելացված 24-րդ րոպեին, Մարոկկոյի կիսապաշտպան Բրաիմ Դիասը չի կարողացել իրացնել վճռորոշ հարվածը. նա փորձել է կատարել «պանենկա», սակայն դարպասապահ Էդուար Մենդին որսացել է գնդակը։
«Եթե նայենք այս խաղին, ապա Աֆրիկայի մասին մեր ստեղծած պատկերը որոշ չափով խայտառակություն է։ Երբ մարզիչը պահանջում է խաղացողներին լքել դաշտը… Պետք է միշտ պահպանել արժանապատվությունը թե՛ պարտության, թե՛ հաղթանակի դեպքում», — RMC Sport-ի փոխանցմամբ՝ նշել է Ռեգրագին։
Մարոկկոյի մարզիչն ընդգծել է, որ Սենեգալի գլխավոր մարզչի արարքը հարիր չէր Աֆրիկային, քանի որ խաղն ամբողջ աշխարհի աչքի առաջ դադարեցվել էր առնվազն տասը րոպեով։ Նա խաղի ավարտը բնութագրել է որպես «հիչքոքյան սցենար»՝ ափսոսանք հայտնելով բաց թողած հնարավորության համար, որը կարող էր տիտղոս բերել Մարոկկոյին։
Հարկ է նշել նաև, որ միջադեպից և հաղթանակից հետո Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարվել է մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին։




























































