«Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսը ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի կատալոնական ակումբը։
Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, ուրբաթ առավոտյան 18-ամյա ֆուտբոլիստն անձամբ է հանդիպել թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին և տեղեկացրել իր վերջնական որոշման մասին։ Ֆերնանդեսը պատրաստակամություն է հայտնել վճարելու պայմանագրով նախատեսված 6 միլիոն եվրո հրաժարագինը՝ ակումբից ազատվելու համար։
Առաջիկա օրերին ֆուտբոլիստը նախատեսում է հանդիպումներ անցկացնել ընտանիքի անդամների և գործակալների հետ՝ կարիերայի շարունակման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով։
«Բարսելոնայում» ցնցված են ֆուտբոլիստի նման կտրուկ քայլից, սակայն դեռևս հույս ունեն իրավիճակը շտկել և պահել տաղանդավոր խաղացողին։ Նշվում է, որ ակումբը ծրագրում էր երկարաձգել համագործակցությունը Ֆերնանդեսի հետ, սակայն սպորտային տնօրեն Դեկուն չի հասցրել ժամանակին ավարտին հասցնել նոր պայմանագրի կնքման գործընթացը։
Հիշեցնենք, որ Դրո Ֆերնանդեսը վերջերս՝ հունվարի 12-ին է դարձել 18 տարեկան։ Մինչ այժմ նա հասցրել է 5 հանդիպում անցկացնել «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում։



























































