«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին ասել է, որ եթե կորոնավիրուսի սպառնալիքը շարունակվի, անհնար է ևս մեկ անգամ վերանայել ամառային օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Թերահավատները պնդում են, որ խաղերի մեկ տարով հետաձգումը դեռևս չի երաշխավորում մասնակիցների և հանդիսատեսների անվտանգությունը:
Առողջապահության որոշ ներկայացուցիչներ վստահ են, որ օլիմպիական խաղերը կարող է անցկացվել միայն այն դեպքում, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հայտնվի մինչ Օլիմպիական խաղերի մեկնարկը։
«Եթե հաջողվի Տոկիոյում անցկացնել միջոցառումը, կապացուցվի, որ մենք կարողացանք հաղթահարել մարդկության պատմության ամենասարսափելի մարտահրավերներից մեկը», – շեշտել է Յոշիրո Մորին:
Հիշեցնենք՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են և կանցկացվեն 2021 թվականի ամռանը: