«Չելսիի» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել դարպասապահ Կեպա Արիսաբալագային: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ձմռանը տեղեկություն էր տարածվել այն մասին, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը գոհ չէ 25-ամյա իսպանացու խաղից, այդ իսկ պատճառով ցանկանում է բաժանվել նրանից:
«Չելսիին» ծրագրերը վերանայել ստիպեց Կեպայի տրանսֆերային արժեքը, որը բավականաչափ նվազել է՝ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի արդյունքում:
Լոնդոնյան ակումբը նաև հրաժարվել է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային ձեռք բերելու մտքից:
Արիսաբալագան «Չելսի» է տեղափոխվել «Աթլետիկից» 2018 թվականին՝ 80 մլն եվրոյի դիմաց: Կապույտները պատրաստ են իսպանացուն այդ նույն գումարի դիմաց վաճառել, բայց հասկանում են՝ նման առաջարկ դժվար թե ստանան: