«Կրեմոնեզեի» 38-ամյա հարձակվող Ջեյմի Վարդին դարձել է կողոպուտի զոհ։ Այս մասին հայտնում է իտալական La Gazzetta dello Sport-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ա Սերիայի 12-րդ տուրի «Կրեմոնեզե» — «Ռոմա» (1:3) հանդիպման ժամանակ։ Հանցագործները (առնվազն երեք հոգի) օգտվել են ֆուտբոլիստի և նրա ընտանիքի բացակայությունից, կոտրել են պատուհանը և ներխուժել տուն։
Գողացվել են թանկարժեք ժամացույցներ, զարդեր և կանխիկ գումար։ Նախնական տվյալներով՝ վնասի չափը կազմում է մոտ 100 հազար եվրո։
Քննության վարկածով՝ հանցախումբը նախապես հետևել է ֆուտբոլիստին ու նրա ընտանիքին և տեղյակ է եղել, որ տունը մնալու է առանց հսկողության։
Հիշեցնենք, որ Վարդին իտալական ակումբ է տեղափոխվել «Լեսթերից» 2025 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 8 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։




























































