Ֆուտբոլիստների կյանքի որակը բարելավելու գաղափարները քննարկվել են համաշխարհային ֆուտբոլի ղեկավարության և մի շարք խաղացողների արհմիությունների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որի մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպումը կայացել է Մարոկկոյում, որտեղ հաստատվել են ֆուտբոլիստների աշխատանքային պայմաններին վերաբերող մի քանի կարևոր նախաձեռնություններ.
- Մինչև հաջորդ խաղը՝ առնվազն 72 ժամ հանգիստ
- Ամառային դադարաշրջանում՝ առնվազն 21 օր հանգիստ
- Շաբաթական առնվազն մեկ հանգստյան օր
Բացի այդ, հանդիպման ընթացքում շեշտվել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ կապված երկարատև թռիչքների և կլիմայական պայմանների հետ, որոնց բախվում են ֆուտբոլիստները։ Այս հարցերը հետագայում ևս կքննարկվեն մյուս շահագրգիռ կողմերի հետ։
Հանդիպման ժամանակ նաև հայտարարվել է, որ ՖԻՖԱ-ն ստեղծելու է ֆինանսական աջակցման հիմնադրամ՝ այն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար, ովքեր չեն ստանում աշխատավարձ իրենց ակումբների ֆինանսական դժվարությունների պատճառով։

























































