Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ընդգրկվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» այն ֆուտբոլիստների ցանկում, որոնց ակումբը դիտարկում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելու տարբերակը։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։
22-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 5 խաղի՝ խփելով 1 գոլ։ Սակայն Ռանոսը վերջին երեք լիգայի խաղերում, այդ թվում՝ գավաթային խաղում, չի ընդգրկվել հիմնական թիմի հայտացուցակում։ Դրա փոխարեն նա մեկ խաղ է անցկացրել մյոնխենգլադբախցիների երիտասարդական թիմի կազմում։
Մրցաշրջանի սկզբում, հարձակողական գծում բազմաթիվ վնասվածքների ֆոնին, Ռանոսը համարվում էր ձախ եզրում խաղալու թեկնածու և պարբերաբար խաղաժամանակ էր ստանում։ Սակայն նոր գլխավոր մարզիչ Եվգենի Պոլանսկու նշանակումից և թիմի 5-3-2 դասավորության անցնելուց հետո հայ հարձակվողի շանսերը ավելի պակասեցին։
Ռանոսի իրավիճակը, ինչպես սպասվում է, քննարկման թեմա կլինի ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում, և խաղացողը հնարավոր է դիտարկի կարիերան շարունակելու այլ տարբերակներ՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար, այդ թվում՝ վարձակալական հիմունքներով։ Բացի Ռանոսից ցանկում են ընդգրկվել նաև Ջոնաս Օմլինը, Ջո Սկալին Լուկա Նեցը և Մարվին Ֆրիդրիխը։



























































