The Athletic-ի փոխանցմամբ՝ «Ռեալը» պատրաստվում է աննախադեպ կառուցվածքային փոփոխության: Հիմնադրումից (1902 թ.) ի վեր ակումբը պատկանել է իր անդամներին՝ «սոսիոսներին», սակայն այժմ քննարկվում է բաժնետոմսերի մի մասը արտաքին ներդրողների վաճառելու հնարավորությունը։
Նշենք, որ «Ռեալի» հետ միասին միայն երեք այլ իսպանական ակումբներ՝ «Ատլետիկը», «Օսասունան» և «Բարսելոնան» ունեն անդամներին պատկանելու նմանատիպ մոդել։
Այս քայլը տեղի է ունենում այն բանից հետո, երբ «Արքայական ակումբը» 2023/2024 մրցաշրջանում Deloitte-ի տվյալներով ունեցել է ավելի քան 1 միլիարդ եվրո եկամուտ (ճշգրիտ թիվը՝ 1,045.5 միլիարդ եվրո), ինչը ռեկորդ է համաշխարհային ֆուտբոլում:
Հիմնական գաղափարը «Ռեալը» երկու մասի բաժանելն է՝ առևտրային և ֆուտբոլային։ Առևտրային հատվածը, որը ներառում է մարզադաշտից և հեռուստատեսային իրավունքներից ստացվող եկամուտները, կարող է մասնակիորեն օտարվել, մինչդեռ «սոսիոսները» կշարունակեն ամբողջությամբ վերահսկել ակումբի սպորտային որոշումները։
Ղեկավարությունը նպատակ ունի պահպանել հիմնական մարզական որոշումների (մարզչի ընտրություն, տրանսֆերներ) վերահսկողությունը, երաշխավորելով, որ դրանք կկայացվեն բացառապես «սոսիոսներին» հաշվետու խորհրդի կողմից։
Որպես կառուցվածքային մոդել դիտարկվում է գերմանական «50+1» սխեման, որը երաշխավորում է, որ ակումբի անդամները միշտ պահպանում են ձայների մեծամասնությունը (50 տոկոս գումարած մեկ ձայն) որոշումների կայացման ժամանակ։


























































