Մադրիդի «Ատլետիկոյի», Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Կոստան խոսել է ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղադաշտում իր սադրիչ վարքագծի մասին։
«Ես բոլորին վիրավորում էի։ Երբ փոքր էի, ես հարգանք չունեի մրցակիցներիս նկատմամբ։ Կարծում էի, որ պետք է սպանեմ նրանց։ Ակադեմիաներում խաղացող երիտասարդներին սովորեցնում են ինքնատիրապետում և հարգանք մյուսների նկատմամբ, բայց ինձ դա ոչ ոք չի սովորեցրել։
Ես դպրոց չունեի, որ դա սովորեցներ ինձ։ Ես սովոր էի տեսնելու, թե ինչպես են խաղացողները միմյանց արմունկներով հարվածում, և կարծում էի, որ դա նորմալ է։Առաջ ամեն ինչ այլ էր, ես ամբողջովին այլ մտածելակերպ ունեի, քան հիմա, և որոշ բաներ լավ չէի ընկալում։ Բայց այլևս՝ ոչ։ Ես պայքարում էի ճանաչում ձեռք բերելու համար։ Հետ նայելով, ոչինչ չէի փոխի։ Ես ամեն ինչից սովորել եմ։ Ահա թե ինչու եմ այսօր այնտեղ, որտեղ կամ», — Կոստայի խոսքերն է մեջբերում Football Talk-ը։
36-ամյա Դիեգո Կոստան «Ատլետիկո Մադրիդի» հետ երկու անգամ նվաճել է Եվրոպայի լիգան և Լա Լիգան, երեք անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթը։ «Չելսիի» հետ նա երկու անգամ նվաճել է Անգլիայի Պրեմիեր Լիգան և մեկ անգամ՝ Անգլիայի Լիգայի գավաթը:



























































