«Վեսթ Հեմի» նախկին ֆուտբոլիստ Սայիդ Բենրահման հայտնվել է դատարանի առջև՝ կապված իր շների կողմից հարձակման միջադեպի հետ։
Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսին Լոնդոնի Հորնչերչ թաղամասում։ Ըստ Independent-ի՝ Բենրահմայի ամերիկյան բուլլի XL և ամերիկյան բուլդոգ ցեղատեսակի շները հարձակվել են տղամարդու վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել երկու կետով․ մարդու վրա շան հարձակման և վտանգավոր կենդանու անփույթ պահման համար։
Ներկայումս Բենրահման հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Նեոմ» ակումբում և, գտնվելով արտերկրում, չի մասնակցել դատական նիստին։ Հաջորդ նիստը նշանակված է 2025 թվականի հոկտեմբերի 16-ին։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ամերիկյան բուլլի XL ցեղատեսակը համարվում է շատ վտանգավոր, և 2024 թվականի փետրվարից նման շների խնամքն առանց հատուկ թույլտվության օրենքով արգելված է։ Վիճակագրության համաձայն՝ 2021–2023 թվականներին այս ցեղատեսակի շները պատճառ են դարձել Մեծ Բրիտանիայում շների հարձակումների հետևանքով մահացածների կեսին՝ 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։





























































