Մարոկկոյում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով երեք մարդ զոհվել է, ավելի քան 280-ը վիրավորվել, որոնք ուղղված էին պետական ծախսերի դեմ՝ կապված ֆուտբոլային միջոցառումների հետ։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին Մարոկկոյում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ՝ ընդդեմ 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության և Աֆրիկայի ազգերի գավաթի կազմակերպման համար նախատեսված մեծ ծախսերի։
Ցուցարարները, որոնք հիմնականում երիտասարդներ են, դժգոհ են նոր մարզադաշտերի կառուցման և մրցաշարերի նախապատրաստման համար կատարվող խոշոր ներդրումներից։ Նրանք պահանջում են, որ ավելի շատ միջոցներ ուղղվեն առողջապահության, կրթության և տրանսպորտի ոլորտներին։
Մարոկկոյի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքների հետևանքով ձերբակալվել է 409 մարդ, 20 ցուցարար և ավելի քան 260 ոստիկան վիրավորվել են։ Երեք մարդ զոհվել է ոստիկանության բաժանմունքներից մեկի վրա գրոհի փորձի ժամանակ։
Ցուցարարները վանկարկել են․
«Մեզ հիվանդանոցներ են պետք, ոչ թե մարզադաշտեր։ Առաջինը՝ առողջություն, հետո՝ ֆուտբոլ»։
Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CAF) նախագահ Պատրիս Մոցեպեն հայտարարել է, որ Աֆրիկայի ազգերի գավաթը չի տեղափոխվի Մարոկկոյից և կանցկացվի դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 18-ը։
«Մենք վստահ ենք, որ մրցաշարը կանցկացվի ըստ ծրագրի։ Մարոկկոն մեր միակ տարբերակն է։ CAF-ը կհամագործակցի կառավարության և Մարոկկոյի քաղաքացիների հետ՝ ապահովելու պատմության մեջ ամենահաջող մրցաշարը», — նշել է Մոցեպեն։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բեն Սլիման քաղաքում կկառուցվի «Գրան Ստադ Հասան II» մարզադաշտը՝ նախատեսված 115,000 հանդիսատեսի համար, որի արժեքը գնահատվում է ավելի քան 4.2 միլիարդ եվրո։




























































