Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը նվաճել է ուղեգիր դեպի 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղեր, որոնք կկայանան Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցցո քաղաքներում։
Պեկինում անցկացված ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 մրցաշարում նրանք գրավել են երկրորդ տեղը՝ վաստակելով 186.84 միավոր (63.85՝ կարճ ծրագրում, 122.99՝ ազատ ծրագրում) և ապահովել Հայաստանի մասնակցությունը զույգային գեղասահքի մրցումներին։
Այս հաջողությունը պատմական է Հայաստանի համար, քանի որ երկիրը առաջին անգամ կներկայացվի օլիմպիական խաղերում զույգային գեղասահքի կարգում։ Ակոպովայի և Ռախմանինի ելույթը կդառնա հայկական գեղասահքի նորամուտն այս մրցաձևում։
22-ամյա Կարինա Ակոպովան և 26-ամյա Նիկիտա Ռախմանինը նախկինում հանդես էին գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում, որտեղ նվաճել էին Ռուսաստանի գավաթի փուլի արծաթե մեդալ (2021)։ Սակայն վերջին երկու մրցաշրջաններում նրանք բաց էին թողել խոշոր մրցումները։ 2025 թվականի ամռանը Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հաստատեց նրանց անցումը Հայաստանի հավաքական, ինչը նրանց հնարավորություն ընձեռեց ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում։



























































