Արգենտինայի դատարանը մեղադրանք է առաջադրել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլային և նրա քույրերին՝ «Մարադոնա» ապրանքանիշի հետ կապված խարդախ գործունեության համար, հայտնում է La Nacion պարբերականը՝ վկայակոչելով դատական աղբյուրներին։
Ըստ վճռաբեկ դատարանի որոշման՝ Մատիաս Մորլան և Մարադոնայի երկու քույրերը մեղադրվում են ակտիվների կառավարման միջոցով խարդախություն իրականացնելու մեջ, իսկ նրանց ունեցվածքը ենթակա է բռնագրավման։
Գործը հարուցվել է Մարադոնայի դուստրերի կողմից՝ կապված «Մարադոնա» ապրանքանիշի հետ, որը ղեկավարում էր Sattvica SA ընկերությունը։ Դատարանի որոշման համաձայն՝ Մորլան, նրա գործընկերները և Մարադոնայի քույրերը ժառանգներ չեն նշանակվել։ Հետևաբար, Մարադոնայի մահից հետո նրա ամբողջ գույքը պետք է փոխանցվեր նրա երեխաներին։
Ավելի վաղ La Nacion-ին տված հարցազրույցում գործով զբաղվող մի փաստաբան նշել էր, որ Մորլան ապրանքային նշանները փոխանցել է Մարադոնայի քույրերին՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի անձնական խնդրանքը։ Նրա պնդմամբ՝ Մորլան որևէ ֆինանսական օգուտ չի ստացել այդ գործընթացից և ընդամենը կատարել է իր ընկերոջ՝ Մարադոնայի ցանկությունը։
Դիեգո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում։
























































