«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում չեմպիոնության հավակնորդ չէ։ Այս մասին նա ասել է «Նապոլիի» դեմ տնային խաղից առաջ։
Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ իր մարզչական կարիերայի առաջին երեք տարիներին երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան։ Սակայն դրանից հետո նրան պահանջվել է 12 տարի՝ 2023 թվականին «Մանչեսթեր Սիթիի» հետ կրկին տիտղոսը նվաճելու համար։ Անցած մրցաշրջանում նա առաջին անգամ չկարողացավ թիմը հասցնել փլեյ-օֆֆի 1/8 եզրափակիչ՝ նոր ձևաչափով մրցաշարում 3:6 հաշվով պարտվելով «Ռեալին»։
«Ամենայն հավանականությամբ, մենք չեմպիոնության հավակնորդ չենք։ Պետք է վայելենք պահը։ Մենք ուրախ ենք այստեղ լինել՝ հաշվի առնելով անցած ճանապարհը։ Կենտրոնանում ենք առաջիկա խաղի վրա՝ փորձելով լավ մեկնարկ ապահովել։
Այս մրցաշրջանում ավելի շատ խաղեր են սպասվում, և վատ մեկնարկի դեպքում վերականգնումը կարող է դժվար լինել։ Անցյալ տարի առաջին խաղում ոչ-ոքի խաղացինք «Ինտերի» հետ, հույս ունեմ՝ այս անգամ ավելի լավ արդյունք կգրանցենք», — Sports Illustrated-ի փոխանցմամբ ասել է Գվարդիոլան։























































