Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքը և ուժի մեջ է թողել պաշտպան Դին Հոյսենի կարմիր քարտը, որը նա ստացել էր Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (2:1, հյուրերի հաղթանակ), հայտնում է Marca-ն։
Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 13-ին Սան Սեբաստյանում։ Հոյսենը 32-րդ րոպեին հեռացվել է դաշտից՝ կենտրոնում Միկել Օյարսաբալի նկատմամբ կանոնների խախտման համար։ «Ռեալը» բողոքարկել էր կարմիր քարտը, սակայն մրցաշարերի կազմակերպման կոմիտեն որոշել է մեկ խաղով որակազրկել ֆուտբոլիստին։ Ըստ տեղեկությունների՝ «Ռեալը» պատրաստվում է դիմել բողոքարկման կոմիտե։
Անցած շաբաթ Marca-ն, հղում անելով «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքին, հայտնել էր, որ ակումբը մտադիր է ՖԻՖԱ-ին բողոք ներկայացնել Իսպանիայում մրցավարության վերաբերյալ։
«Ռեալը» 12 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում «սպիտակները» սեպտեմբերի 20-ին կընդունեն «Էսպանյոլին»։





















































