Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ինչ պայմաններում կարող է Նեյմարը հրավիրվել ազգային թիմ։
«Անիմաստ է հետևել, թե ինչպես է հանդես գալիս Նեյմարը. բոլորն էլ գիտեն, թե որքան տաղանդավոր է նա։ Ժամանակակից ֆուտբոլում տաղանդը դրսևորելու համար անհրաժեշտ է գերազանց ֆիզիկական մարզավիճակ։ Եթե նա հասնի օպտիմալ մարզավիճակի, առանց դժվարության տեղ կգտնի հավաքականում։
Բոլորն ուզում են Նեյմարին տեսնել թիմում, երբ նա լավ ֆիզիկական վիճակում է։ Ես խոսել եմ նրա հետ և ասել. «Քեզ ժամանակ է պետք՝ վերականգնվելու և հավաքականին աշխարհի առաջնությունում առավելագույն արդյունքի հասցնելու համար»։
Մենք զրուցել ենք, երբ նա հյուրանոց էր մտնում Պարագվայի դեմ խաղից առաջ։ Ամեն ինչ պարզ է, մոտեցումը նույնն է։
Ես նրան կօգտագործեի փլեյմեյքերի կամ հարձակվողի դիրքում՝ ավելի մոտ կենտրոնին։ Կողքերում նա այլևս չի կարող արդյունավետ լինել, քանի որ ժամանակակից ֆուտբոլում դրա համար լուրջ ֆիզիկական տվյալներ են պահանջվում։ Իսկ կենտրոնում՝ հարձակողական կիսապաշտպանի դիրքում, նա առանց խնդիրների կարող է գործել», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս է ապաքինվել վնասվածքից։



























































