Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որի գլխավորությամբ մեր ընտրանին տարել է մեկ հաղթանակ և կրել մեկ պարտություն, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանին:
Մելիքյանը պատասխանել է իր և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև տարաձայնությունների մասին հարցին։
«Ես տարիներ շարունակ քննադատական դիրքորոշում եմ ունեցել, քանի որ դա իմ բնավորությունն է: Երբ տեսնում եմ, որ ինչ-որ բան ճիշտ չի արվում, ես բարձրաձայնում եմ: Չեմ ասում, որ միշտ ճիշտ եմ, բայց ես բնավորությամբ արտահայտվող եմ, պայքարող եմ և բաց խոսող: Ես միշտ առանձնացրել եմ իմ նպատակները, երազանքներն ու տեսակետները: Իմ երազանքը եղել է ազգային հավաքականի մարզիչ դառնալը, դեռևս երբ կատարում էի իմ մարզչական առաջին քայլերը: Եվ հետագայում, երբ մենք մարզչական խնդիրներ ունեինք, օրինակ՝ Թուրքիայի դեմ խաղից առաջ մարզիչ չունեինք, շատերը չգիտեն այս մասին: Այդ պատճառով ես կբացեմ չակերտները՝ թող իմանան: Քննադատությունը մի կողմ, բայց ես սիրում եմ մեր ֆուտբոլը, և իմ երազանքն է եղել ազգային հավաքականի մարզիչ դառնալ: Ես խաղացել եմ ազգային հավաքականում և գիտեմ, թե ինչ է նշանակում այդ հավաքականը:
Թուրքիայի հետ խաղից առաջ, երբ մենք դեռ մարզիչ չունեինք՝ մինչև Պետրակովի նշանակումը, պաշտոնը ազատ էր, և ինձ հետ խոսակցություն ունեցան: Ես մեծ ցանկություն ունեի ընդունելու այդ պատասխանատվությունը և ասացի. «Այո, ես քննադատում եմ, շատ բաների հետ համաձայն չեմ, բայց եթե խոսքը վերաբերում է մեր հայկական ֆուտբոլին, առավել ևս՝ Թուրքիայի դեմ պայքարին, ես պատրաստ եմ ամեն ինչ մի կողմ դնել և անցնել գործի»։
Այն ժամանակ ես լիովին չհասկացա պատճառները, բայց որոշում չկայացվեց: Նույն կերպ, Վրաստանի հետ խաղից առաջ էլի մարզչի թափուր տեղ կար՝ մինչև հոլանդացու նշանակումը: Ես անձամբ նորից հայտնեցի, որ պատրաստ եմ օգնել հավաքականին՝ Վրաստանի դեմ խաղերին նախապատրաստվելու համար: Այդ ժամանակ էլ ես քննադատում էի: Ուզում եմ ասել՝ այո, ես քննադատել եմ, չեմ զղջում դրա համար, բարձրաձայնել եմ սխալները, որոնք հիմա էլ եմ տեսնում և հիմա էլ եմ խոսում դրանց մասին: Բայց ես երբեք չեմ ասել, թե չեմ մարզելու ազգային հավաքականը: Ես ասել եմ, որ ժամանակը կգա: Երբ ինձ առաջարկեցին, ես մեծ սիրով ընդունեցի: Առաջին հերթին դա իմ երազանքն է, երկրորդ՝ ես պատրաստ եմ կրելու այդ բեռը, հաղթահարելու դժվարությունները, մտնելու խնդիրների մեջ, լուծելու դրանք և առաջ շարժվելու:
Ես ֆեդերացիայում աշխատելու չեմ գնացել, ես գնացել եմ հավաքականը մարզելու: Իմ աշխատավայրը հանդերձարանն է: Մենք դեռ չենք հասցրել խոսել այն հարցերի շուրջ, որոնց մասին ես քննադատել եմ: Անպայման ժամանակ կգտնենք, կնստենք Ֆեդերացիայի նախագահի և փոխնախագահի հետ կլոր սեղանի շուրջ, կխոսենք ամեն ինչի մասին: Այն, ինչի մասին խոսել եմ հեռվից, հիմա մոտիկից կասեմ: Այդ հարցերի մասին դեռ խոսելու բան ունենք: Բայց հիմա ինձ համար կարևոր է հանդերձարանը, որը ես վերջապես ներսից տեսա: Բոլոր տնային խաղերին ներկա եմ եղել որպես «Փյունիկի» մարզիչ, որպես երկրպագու: Ես տեսնում էի խնդիրները, բայց ինձ հետաքրքիր էր ներսից հասկանալ այդ ամենը և գտնել լուծումներ: Ինձ մոտիվացնում էր այն, որ ունեմ ոգի, գիտելիքներ և վստահություն: Վստահ եմ՝ սա ժամանակի հարց է»,- նշել է հայ մասնագետը։

























































