ՈւԵՖԱ-ն 10 ամսով որակազրկել է Բիլբաոյի «Ատլետիկի» կենտրոնական պաշտպան Երայ Ալվարեսին, որը մեղադրվում էր դոպինգի օգտագործման մեջ։ Այս մասին հայտնել է բասկյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ասոցիացիան համաձայնել է ֆուտբոլիստի՝ ոչ միտումնավոր խախտման վարկածի հետ։
«Հետաքննության ավարտից հետո ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինը որոշում կայացրեց և Երայ Ալվարեսին որակազրկեց 10 ամսով։ Իր որոշմամբ ՈւԵՖԱ-ն պարզեց, որ խաղացողի կողմից դիտավորություն չի եղել՝ համարելով ապացուցված, որ արգելված նյութի ընդունումը պայմանավորված է եղել մազաթափության դեմ նախատեսված միջոցի սխալ օգտագործմամբ և արգելված նյութի՝ որպես դոպինգի, ոչ միտումնավոր ընդունմամբ։ ՈւԵՖԱ-ն հիշեցնում է, որ գործող կանոնների համաձայն մարզիկը պատասխանատու է իր գործողությունների համար և, հետևաբար, պետք է համոզվեր, որ դեղամիջոցը թույլատրված է եղել դրա ընդունումից առաջ։
Ալվարեսը կամավոր ընդունել է ժամանակավոր որակազրկումը։ Հետևաբար, նա կկարողանա վերադառնալ մրցաշրջան 2026 թվականի ապրիլի 2-ից։ Այնուամենայնիվ, խաղացողը կարող է սկսել մարզումները թիմի հետ երկու ամիս շուտ՝ համաձայն գործող կանոնակարգի։ Երայ Ալվարեսը մոտ ապագայում մամուլի ասուլիս կհրավիրի՝ անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար», – ասվում է բասկյան ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

























































