Անգլիայի չորրորդ դիվիզիոնի «Գրիմսբի Թաունը» տուգանվել է Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում ֆուտբոլիստի մասնակցության համար, ով իրավունք չուներ խաղալ, հայտնում է Անգլիայի ֆուտբոլային լիգայի (EFL) մամուլի ծառայությունը։
Գավաթի երկրորդ փուլի հանդիպումը կայացել է օգոստոսի 27-ին «Գրիմսբիի» դաշտում և ավարտվել տանտերերի հաղթանակով հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում (2:2, 12:11)։ 73-րդ րոպեին «Գրիմսբիի» կազմում խաղադաշտ է դուրս եկել Քլարք Օդուրը, ով խաղից հետո 11 մետրանոց հարվածաշարում չի մասնակցել։
«Գրիմսբին» Օդուրի գրանցման հայտը ներկայացրել է կանոնակարգով սահմանված ժամկետից մեկ րոպե ուշ։ Ակումբն ինքն է խախտման մասին հայտնել հանդիպումից հետո՝ հաջորդ օրը։
«Բոլոր ապացույցների մանրամասն ուսումնասիրությունից և լիգայի գավաթում նախկինում արձանագրված խախտումների վերաբերյալ որոշումների քննարկումից հետո լիգայի խորհուրդը եզրակացրել է, որ տուգանքը համապատասխանում է ընդունված պրակտիկային», — նշված է EFL-ի հաղորդագրությունում։
Ակումբը տուգանվել է 20,000 ֆունտ ստեռլինգով (մոտ 23,000 եվրո), որից կեսը պայմանական պատիժ է՝ մինչև մրցաշրջանի ավարտը գործող փորձաշրջանով։
Գավաթի երրորդ փուլում «Գրիմսբի Թաունը» կմրցի «Շեֆֆիլդ Ուենսդեյի» հետ։


























































