Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ համաշխարհային սպորտը 2020 թվականին 60 միլիարդ դոլարի կորուստ կկրի։ 2020 թվականին պլանավորված 48,8 հազար միջոցառումից կկայանա միայն 53 տոկոսը։ Այս մասին վկայում է մարքեթինգային Two Circles ընկերության կողմից պատրաստված զեկույցը։
Այս ընկերությունը, որը մասնագիտացված է սպորտային մարքեթինգի ոլորտում ու մշտական հիմքով համագործակցում է մի շարք խոշոր սպորտային կառույցների հետ ինչպիսիք են՝ Անգլիական ֆուտբոլային Պրեմիեր լիգան, Wimbledon-ը, ամերիկյան առաջնությունները, հետազոտություն է հրապարակել նվիրված կորոնավիրուսի համավարակի ազդեցությանը։ Ընկերության վերլուծաբանները որպես հիմք ընդունել են այս տարվա սպորտային խոշորագույն իրադարձությունները, որոնց տոմսերի պոտենցիալ վաճառքը պետք է գերազանցեր 5 հազարը։
Դրանք եղել են 48,8 հազար։ Հաշվի առնելով արդեն իսկ հետաձգված իրադարձություններն ու համավարակի զարգացման վերաբերյալ կանխատեսումները՝ Two Circles-ը հավաստիացնում է, որ ընդհանուր 2020 թվականին պլանավորված բոլոր միջոցառումների միայն 53 տոկոսը կանցկացվի։ Սրա հիման վրա հաշվարկ է արվել, թե ինչ միջոցներ հնարավոր կլինի ձեռք բերել։ Խոսքը 73,7 միլիարդ դոլարի մասին է։
Ընդ որում, տարվա սկզբի կանխատեսման համաձայն, երբ դեռ հաշվի առնված չէր կորոնավիրուսի համավարակը, խոսվում էր 135,3 միլիարդ դոլարի մասին։ Այս կերպ, Two Circles-ի տվյալների համաձայն՝ համավարակի՝ համաշխարհային սպորտին հասցրած վնասը կկազմի 61,6 միլիարդ դոլար։ Զեկույցում հստակեցվում է, որ դա ներառում է սպորտային իրավունքներ ունեցողների բոլոր կորուստները, որոնք կապված են ինչպես ամենօրյա բիզնեսի, այնպես էլ մեդիաիրավունքի ու հովանավորչական երկարաժամկետ պարտավորությունների հետ։
Ամեն դեպքում, ընկերության գործադիր տնօրեն Գարեթ Բեյլի խոսքերը լավատեսական են։ Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե սպորտն ինչպես կվերադառնա՝ հանդիսականով, թե փակ տրիբունաներով, սպորտային էկոնոմիկան նորից կծաղկի։
























































